Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հազար զենք էլ լինի, եթե սահմանդ պահող չլինի ու զենքդ կիրառող չլինի...

Հազար զենք էլ լինի, եթե սահմանդ պահող չլինի ու զենքդ կիրառող չլինի...
06.06.2017 | 04:12

Մենք դարձյալ Հայրենիք կորցնելու ո՛չ պատմական, ո՛չ բարոյական, ո՛չ իրավական, ո՛չ մարդկային իրավունքը չունենք։
Մեր մեծ երկիրը կորցրել ենք, մինչև հիմա մորմոքում ենք։
Այդ լացը չի կարելի դարձնել հավերժ ու ազգի բնավորություն։
Մենք հազար տարում վերջապես հողի հաղթանակ ունենք։ Մենք մեր սերնդի մեջ պիտի պատվաստենք հաղթողի և՛ հպարտություն, և՛ վեհանձնություն, և՛ հաղթանակները շարունակելու կամք ու գործողություն, և՛, եթե կուզեք, նաև մի փոքր էլ հաղթողի լկտիություն պիտի ունենանք։
Իսկ մենք մեր հաղթանակից կարծես ամաչում ենք...
Իսկ մենք մեր կորցրած տղաների կյանքի համար սոսկ ափսոսում ենք ու վշտանում, մինչդեռ պիտի հպարտանանք, որ ունենք մի սերունդ, որը ծնված օրից զինվոր է, և նրա ծնողներն էլ հասկացել են, որ իրենց զավակը իրենցից շատ հայրենիքն է սիրել, ու դրա համար հպարտ են, որ իրենց ծնած զինվորը զինվոր էլ ապրեց...
Հիմա ինչո՞ւ ենք մոլորվել... Աշխարհը ուժեղինն է, և ուժեղներն էլ ուժեղի հետ են հաշվի նստում:


Հավաքի՛ր կամքդ ու ոգիդ, զենքդ ու զինվորներիդ, հա՛յ ժողովուրդ, և երկրիդ տե՛ր դարձիր։ Ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրելու արյունով ազատագրված մեր պատմական հողերը հանձնել մեր թշնամուն, որ ազգային ինքնությունից զուրկ և անհայրենիք մի ցեղախումբ է, որ աշխարհաքաղաքական այս տարածաշրջանում պատահականորեն է հայտնվել և ժամանակավոր է նրա ներկայությունը քաղաքական դաշտում։


Սակայն մեր խնդիրը նախ մենք ենք, մե՛նք մեր տեղում չենք, ավելի ճիշտ, մենք հեռանում ենք ի վերուստ մեզ տրված մեր կենսաբանական տիրույթից, որտեղ հազարամյակներով ձևավորվել է հայ մարդու, հայ ազգի, հայ տեսակի բարոյահոգեբանական կերպարը: Աշխարհագրական դիրքը, բնությունը, հողը, ջուրը ձևավորում են այդ տարածքում ապրող մարդու և՛ մարդաբանական տեսակը, և՛ հոգեկերտվածքը: Դա անժխտելի իրողություն է: ՈՒժեղ է այն ազգը, որն ապրում է իր հայրենիքում և իր ստեղծած պետության մեջ, հետևաբար ուժեղ է լինում նաև իր ստեղծած պետությունը: Թուլանում է այն պետությունը, որը դարձել է բազմազգ` այլ երկրներից եկած ներգաղթյալների պատճառով: Թուլանում է նաև այդ երկրի ազգային ինքնության գիտակցումը, իսկ ներգաղթյալները թեև որոշ ժամանակ իրենց կենսաբանական դաշտով ներգործում են երկրի տերերի վրա` թուլացնելով նրանց կենսահոգեբանական ռիթմերը, սակայն իրենք նույնպես թուլանում են որպես տեսակ:
Այսօր մեզնից շատերն ապրում են օտարության մեջ: Ցեղասպանությունից հետո, երբ կյանքի ցուցումով մեր հայրենակիցները ցրվեցին աշխարհով մեկ, կարծես կարելի էր բացատրություն գտնել օտար երկրներում նրանց ապաստան գտնելու և գոյատևելու համար: Բայց, միևնույն է, չէ՞ որ կար Մայր հայրենիքի մյուս հատվածը, որտեղ խաղաղ էր ու ապահով թուրքի յաթաղանից: Իսկ ցեղասպանությունից երեք տարի անց ստեղծվեց ազգային անկախ պետություն, որտեղ էլ պիտի հավաքվեին հայրենազուրկ մեր հայրենակիցները: Մտածե՞լ ենք արդյոք, թե ինչ ճակատագիր կունենար մեր նորաստեղծ պետությունը, եթե աշխարհում ցրվելու փոխարեն մեր ազգային-քաղաքական կուսակցությունները ուղղորդեին մեր ժողովրդին դեպի անկախ հանրապետություն: Այդ պարագայում պատմական և քաղաքական բոլորովին այլ զարգացումներ կլինեին. կլուծվեին միաժամանակ մի քանի կարևոր խնդիրներ.
ա) կվերականգնվեր երկրի ժողովրդագրական պատկերը,
բ) կզարգանար տնտեսությունը,
գ) երկիրը կդառնար ռազմունակ,
դ) սերունդները կփրկվեին ուծացումից:


Կարո՞ղ ենք հաշվել, թե որքան հայ է ձուլվել վերջին հարյուր տարում` կորցնելով լեզուն, հավատը, կամ խառնամուսնություններից թուլացրել է մեր գենետիկ ամբողջականությունը։ Մինչդեռ երկրի բնակչության թվի սահմանագծորեն նվազ լինելը դժվարացնում էր և՛ տնտեսության զարգացման հնարավորությունները, և՛ մանավանդ ռազմական պաշտպանունակությունը։ Մինչդեռ հետեղեռնյան հարյուր տարիներին, հայրենիք և պետականություն ունենալու պարագայում, ուռճացվել է Սփյուռքը ոչ միայն թվաքանակով, այլև նրա գոյության անհրաժեշտության կարևորությամբ: Սակայն հարյուր տարի հետո մենք տեսանք, թե ինչ եղավ այդ գաղթօջախների հետ, որոնցից ամենից շատ տուժեց Սիրիայի հայ համայնքը, որին «Մայր գաղութ» անունով էին մեծարում, որը ահռելի կորուստներ տվեց և՛ մարդկային զոհերով, և՛ ստեղծած մշակույթով, և՛ տնտեսական. առումով։ «Մայր» համարվելու պատվին միայն հայրենիքն է արժանի։


Եվ դարձյալ մենք սփռվում ենք այս անապահով աշխարհում, աշխարհ, որտեղ ոչ մի տեղ ապահով չէ, անգամ ամենահարուստ ու տնտեսապես բարեկեցիկ ու առատ երկրներում։ Ինչո՞ւ սիրիահայերի մեծ մասը գերադասեց շրջանցել Հայաստանը և ապաստան փնտրեց օտար երկրներում։ Ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները չդիմացան երկրում ստեղծված տնտեսական, բարոյական և ներքին քաղաքական անբարենպաստ պայմաններին և հեռացան երկրից` մտածելով միայն իրենց անձնական բարեկեցության մասին… Բայց չէ՞ որ ամեն մարդ իր տունն ինքն է կառուցում ու շենացնում, ամեն ազգ իր երկիրն ու պետությունը ինքն է հզորացնում. երրորդը չկա: Երրորդը գաղութային վիճակն է, երբ գաղութատերը իր զավթած երկրի բնական պաշարները արտահանում է` հարստությունը տանելով իր երկիր, շահագործում է էժան աշխատուժը` երկիրը թողնելով առանց արդյունաբերության: Իսկ ռազմական պաշտպանությունը ապահովում է այնքան ժամանակ, մինչև սպառվի շահույթը։ Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնահատակ ավերված Գերմանիայի քաղաքացիները չհեռացան հայրենիքից` ապահով կյանք փնտրելու օտար երկրներում, և ոչ ոք չասաց, որ կյանքը մեկ անգամ է տրվում, չգնաց Ամերիկա, որը հեռու էր մնացել պատերազմական գործողություններից, չէր ավերվել, և առանց ավելորդ ժամանակ ու եռանդ կորցնելու կարելի էր աշխատել սեփական բարեկեցության համար: Հետպատերազմյան տարիներին թերևս ամենաքիչ թվով գերմանացիներ հեռացան իրենց երկրից: Ինչո՞ւ ենք մենք հեռանում մեր հայրենիքից իր համար այս ծանր ու ճակատագրական տարիներին. հեռանում ենք, որպեսզի մեր կերած հացին մի շերտ ավելի կարա՞գ քսենք, իսկ զավակներիս էլ ուսման տանք օտար երկրների համալսարաններում, որպեսզի հետո նրանք ծառայեն օտարի՞ն՝ ի գին էն մի պատառ յուղոտ հացի՞։


Չէ՛, սիրելի հայեր, որպես ազգ՝ այսպես այլևս ապրել չի կարելի։ Մենք շարունակում ենք գոյատևել, մինչդեռ աշխարհը շարունակում է ապրել իր վաղեմի օրենքներով. քարտեզներ են պատառոտվում ու վերաձևվում, երբևէ պետականություն չունեցած ազգերը պետություն են ուզում ստեղծել այլ ազգերի պատմական տարածքում, որպես թիրախ նաև Արևմտյան Հայաստանն է քրդերի համար, իրենց համար սրանից-նրանից մշակույթ են գողանում` հիմնականում՝ հայերիցս, իսկ ասորիները, օրինակ (ի պատիվ նրանց), որ մի քանի հազար տարի առաջ կորցրել են իրենց հզոր պետությունը, այսօր ձգտում են վերականգնել այն: Իսկ մենք դարձյալ պանդխտի ցուպն առել ենք ու օտար երկրներ ենք գնում՝ մեր հայրենիքը թողնելով թշնամուն թիրախ։


Այս տարածաշրջանում կա՞ մեր ժողովրդի նման մտավոր բարձր կարողություններով և հաղթանակներ բերող ռազմարվեստով օժտված մի ազգ, որը մեր քաղաքական կարգավիճակում լինի։ Չկա՛: Կան նույնիսկ մեզնից մշակութային և քաղաքակրթական շատ ավելի ցածր մակարդակի վրա եղող ազգեր, որոնք աշխարհաքաղաքական դաշտում սուբյեկտ են, այլ ո՛չ օբյեկտ, իսկ վերջինս ոչ թե ինքնուրույն խաղացող է դիվանագիտական ատյաններում, այլ ուղղորդվող օբյեկտ է։


Մենք, ի՞նչ է, չե՞նք կարողանում մեր աստվածատուր կարողությունները ընդհանուր հայտարարի բերել, մեզ համեմատել հարևան և հեռու ազգերի ու նրանց ստեղծած պետության հետ։ Ո՞րն է մեր սխալը, ի՞նչ պիտի անենք, որպեսզի հզորացնենք մեր հայրենիք-պետությունը տնտեսապես, մշակույթով և գիտությամբ, վերադարձնենք մեզնից խլված մեր հողերը և անխոցելի դարձնենք ռազմական տեսակետից մեր պետությունը, մեր ժողովրդի համար ապահով ու բարեկեցիկ պայմաններ ստեղծենք մեր երկրում: Եվ հասկանանք նաև, թե ինչ չպիտի անենք, որ մեր պետությունը չթուլանա, քաղաքական ասպարեզում մնանք որպես խաղացող, որպեսզի դիվանագիտության` խարդավանքներով լի ատյաններում կարողանանք ամրագրել մեր ռազմական հաղթանակները։ Կարողանում են, չէ՞, ուրիշներն անել։
Ես նրանց չեմ նախանձում, այլ մտածում եմ, որ նրանք ինձնից մի առավել հատկություն ունեն, որը ես չունեմ. ես հետևողական չեմ իմ անձնական գործերում: Սակայն ինձ էլ՝ որպես մարդու, հատուկ են մարդկային թուլությունները. ես նույնպես նախանձի զգացում ունեմ. ես նախանձում եմ այն ազգերին, որոնք իմ ժողովրդից առավել չեն իրենց քաղաքակրթական-մշակութաստեղծ մակարդակով, սակայն քաղաքական և պետականաստեղծ ասպարեզում հասել են նախանձելի հաջողությունների, և աշխարհը նրանց հետ հաշվի է նստում: Այդ պետություններն իրենց ժողովրդի համար բարեկեցիկ պայմաններ են ստեղծում, որ նրանք դառնան ազգ, չհեռանան իրենց հայրենիք-պետությունից, իրենց ներուժը չվատնեն օտար երկրներում և չձուլվեն օտարության մեջ: Մինչդեռ մենք կարծես ազգովին լեթարգիական քնի մեջ ենք կամ ավելի ճիշտ` լուսնոտի նման դուրս ենք գալիս տնից ու հետդարձի ճանապարհը չենք գտնում հարյուրամյակներով, մինչ մեր հայրենիքի վրա ղումար են խաղում մեծ պետությունները և որոշ ազգեր, որոնց գայթակղում է մեր երկրի աշխարհագրական նպաստավոր դիրքը` քաղաքական մանևրների համար, իսկ բարեբեր հողն ու բնությունը` բարեկեցիկ և որակյալ ապրելու համար, բնական պաշարները և մանավանդ աղբյուրների անապակ ջուրը` առողջ ապրելու և մեր երկրից հարավ ապրող պետություններին մեր այս դրախտային մաքուր և սառնորակ ջրի մատակարարումից կախյալ պահելու համար։
Այս ամեն իսկապե՞ս չենք տեսնում ու չենք հասկանում, թե՞ մեր հայրենիքից, այս իսկապես ավետյաց երկրից գլխապատառ, առանց հետ նայելու հեռանալու մի այլ պատճառ կա, որ ես չգիտեմ… Ո՛չ, չկա այլ պատճառ: Մեզ մոլորեցրել է նյութական բարեկեցության մարմաջը. շատերն ուզում են շատ արագ և միայն իրենք լավ ու բարեկեցիկ ապրել, միլիոններ ու միլիարդներ դիզել` ապահովելու նաև իրենց գալիք սերունդների նյութական ապահովությունը, բայց մոռանում են (համոզված եմ, որ եթե չեն կարդացել, հավանաբար լսած կլինեն), որ մեծ հարստություն ունեցողները առաջինն են դառնում թշնամու թիրախը։


Ո՞Ւր են 19-րդ դարի մեր մեծահարուստների միլիոնները. թալանեցին թուրքերը, հրեաները, վրացիները, ռուսները: Ո՞Ւր են այդ միլիոնների ժառանգները. ցրված են եվրոպաներում և ապրում են շատ համեստ նյութական պայմաններում։ Մինչդեռ եթե այդ ահռելի հարստությունները ներդրվեին պետականաստեղծման գործում` և՛ իրենք ու իրենց զավակները ապահով կապրեին հայրենիքում, և՛ մենք հայրենիքից բացի կունենայինք և պետություն` մեր ապահով կյանքը պաշտպանող մի հզոր ամրոց։
Երբեք ուշ չէ հետ դառնալ ոչ մի տեղ չտանող կամ կործանման տանող ճանապարհից։
Մենք մի քանի անգամ այդպես արել ենք, ու դա մեզ հաջողվել է։ Դե՛, հայեր, օն անդր առաջ…

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 28135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ